Սցենարիստ և ռեժիսոր Քվենտին Տարանտինոն The Root պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր հաջորդ ֆիլմը նվիրված է լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակում աֆրոամերիկացի զինվորների պայքարին՝ ուղղված ռասայական ճնշումների դեմ:
Տարանտինոն ասել է, որ ի սկզբանե «Անփառունակ սրիկաներ» (Inglourious Basterds) ֆիլմը նախատեսել էր որպես մեծ պատմության մի մաս: Նոր ֆիլմը կդառնա Հիտլերին սպանող հրեաների դասակի մասին պատմող ֆիլմի շարունակությունը: Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի հիմքում լինելու է մի խումբ սևամորթ զինվորների մասին պատմությունը:
Ռեժիսորը խոստովանել է, որ այժմ ինքն ունի ֆիլմի կեսի համար նախատեսված նյութ: Եթե Տարանտինոն որոշի իրականացնել իր ծրագիրը, ապա «Մարդասպան ագռավները» գործնական անվամբ ֆիլմի գործողությունները ծավալվելու են 1944թ., երբ անգլո-ամերիկյան դեսանտը հաստատվում է Նորմանդիայում և բացվում է երկրորդ ճակատը:
Տարանտինոյի խոսքերով՝ «Մարդասպան ագռավները» կդառնա տրիոլոգիայի եզրափակիչ մասը, որում «Սրիկաները» գործողությունների վայրն են սահմանել, իսկ վերջին ֆիլմը՝ «Ազատագրված Ջանգոն» (Jango Unchained), դարձել է գաղափարախոսությունը:









































