2012 թվականի արդյունքներով՝ Վենեսուելայում գրանցվել է բռնի մահվան մոտ 21.7 հազար դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնում է Observatorio Venezolano de Violencia անկախ կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ սպանությունների թիվը յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով հասել է 73-ի` 2011 թվականի 67-ի և 2010-ի՝ 48 դեպքի փոխարեն: Արդեն 2011 թվականին մասնագետները խոսում էին «բռնության համաճարակի» մասին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Կազմակերպության զեկույցում ասվում է, որ չնայած կառավարության ձեռնարկած միջոցառումներին՝ այս տարի նկատվել է ոչ միայն հանցավորության և դրա տարատեսակների քանակական ցուցանիշի աճ, այլև երկրի նոր տարածքների ընդգրկում:
2011-ի համեմատ, երբ գրանցվել էր 19.3 հազար սպանություն, դրանց աճն այս տարի կազմում է 12 տոկոս: Ընդդիմությունը հայտարարում է, որ Չավեսի կառավարման վերջին տարիներին երկրում սպանվել է մոտ 155 հազար մարդ՝ առանց այս տարվա տվյալների:








































