CNN Türk-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ուշագրավ հայտարարություն է արել «Էրգենեկոնի» գործով ձերբակալված լրագրող Ահմեդ Շըքի չհրատարակված «Իմամի բանակը» խորագրով գրքի առնչությամբ.
«Գրքի վրա արգելք դնելը հարիր չէ այսօրվա Թուրքիային: Այդպիսի դեպքերը չեն արտացոլում Թուրքիայի իրական պատկերը և մեծ վնաս են հասցնում նրան:
Թուրքիայում յուրաքանչյուր ոք կարող է գրել իր ուզածը կամ էլ խոսել դրա մասին: Շուկայում գոյություն ունեն իմ և վարչապետ Էրդողանի դեմ գրված մի շարք գրքեր:
Ահմեդ Շըքի գրքի հետ կապված ողջ պատմությունը մեծ PR հանդիսացավ հենց այդ լրագրողի ու նրա գրքի համար: Եթե մինչ այդ շուկայում հայտնվելուց հետո այդ գիրքը կվաճառվեր 10.000 օրինակով, ապա այժմ այդ ցուցանիշը կհասնի 100.000-ի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ոստիկանությունը 7-ժամանոց խուզարկություն էր անցկացրել Ստամբուլի «Իթհաքի» հրատարակչատանը` փորձելով հայտնաբերել «Էրգենեկոն» գործի շրջանակներում ձերբակալված Շըքի «Իմամի բանակը» խորագրով գիրքը, սակայն ոչինչ չէր հայտնաբերել, ուստի երեկ ևս մեկ անգամ էր խուզարկություն ացկացրել տվյալ վայրում, ապա ընկել էր թուրքական Radikal թերթի հետևից:
Այդ կապակցությամբ, թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ նմանատիպ բաներ չեն գրանցվել անգամ Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակներում:









































