2012 թ. 10 ամիսների ընթացքում առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների գումարը կազմել է 20 մլրդ 93.3 մլն դրամ, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.2%-ով:
Ինչպես այսօր կառավարության նիստում զեկուցեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների մեջ պետական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է ընդհանուր եկամուտների 40.9%-ը, իսկ մասնավորներինը` 59.1%, այն դեպքում, երբ վերջիններիս տեսակարար կշիռը վճարովի ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ընդհանուր թվի մեջ կազմում է 30.7%, իսկ պետականներինը` 69.3%:
ՀՀ առողջապահության նախարարության ոլորտում գործող, հարկ վճարող կազմակերպությունների կողմից 2012 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի և այլ վճարների ընդհանուր գումարը կազմել է 10 մլրդ 540.1 մլն դրամ՝ աճելով 13.6%-ով: Հարկերի և այլ վճարների ընդհանուր 13.6 տոկոսանոց աճի առյուծի բաժինը ապահովվել է Երևանի բժշկական կազմակերպությունների կողմից, որոնց աճին նպաստելու չափը կազմել է 12.8 տոկոսային կետ, այն դեպքում, երբ ՀՀ մարզերի բուժհաստատությունների ներդրումը կազմել է ընդամենը 0.8 տոկոսային կետ:
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հաստատեց, որ առողջապահության ոլորտում հարկային եկամուտների ավելացում է արձանագրվել:








































