Սիրիայի Քոբանի քաղաքի (Այն էլ-Արաբ) ուղղությամբ ԱՄՆ-ի և կոալիցիայի օդային հարվածների հետևանքով զոհվել են ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հարյուրավոր գրոհայիններ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբիին: Վերջին երկու օրերին կոալիցիայի ինքնաթիռները մոտ 40 հարված են հասցրել այդ քաղաքի ուղղությամբ, որտեղ գերազանցապես բնակվում են քրդեր:
Քիրբիի խոսքերով՝ իսլամիստների դիրքերի ուղղությամբ ռմբակոծությունը թուլացրել է ԴԱԻՇ-ի ուժերն ու հնարավորությունները, սակայն նրա կարծիքով՝ իրավիճակը քաղաքում մնում է «անկայուն», քանի որ ջիհադիստները շարունակում են վերահսկել Քոբանիի մի մասը: Նշվում է, որ բնակավայրում մնացել է ընդամենը մի քանի հարյուր քաղաքացի:








































