Իրանի իշխանությունները առաջին անգամ բացահայտել են իրենց հետախուզական ծառայությունների կառուցվածքին վերաբերող տվյալներ, որոնց շնորհիվ, պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, երկրի ատոմային արդյունաբերությունը «այսօրվա մակարդակին է հասել»: Տեղեկատվությունը հայտնվել է հետախուզական ծառայության ամսագրի էջերում, որը հրատարակվել է գերատեսչության ստեղծման 30-ամյակի առթիվ, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես գրում է պարբերականը՝ հետախուզության նախարար Մահմուդ Ալավին ղեկավարում է կոորդինացիոն խորհուրդը, որին 16 տարբեր գործակալություններ են ենթարկվում: Երկրի ամենահզոր խմբավորումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որն իր սեփական հետախուզական երկու գործակալություններն ունի:
«Հետախուզության նախարարության շնորհիվ միջուկային արդյունաբերությունը հասել է իր ներկայիս մակարդակին»,- նշել է միջուկային ծրագրի պատասխանատու Ալի Ասգար Զարեանը, ակնարկելով, որ գործակալությունը ծրագրի սաբոտաժի մի քանի փորձեր է կանխել:
Գործակալությունը նշում է, որ կիբերհարձակումներից պաշտպանությունը ամենակարևոր խնդիրներից է, որը դրված է Իրանի հետախուզական ծառայության առջև: Ավելի վաղ Իրանը բազմիցս հաղորդել է պետական հաստատությունների սերվերների և միջուկային օբյեկտների վրա կիբերհարձակումների մասին:
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ, Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ նման հարձակումների հետևում կարող են կանգնած լինել ԱՄՆ-ն և Իսրայելը:









































