Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստերը երբեք միանշանակ չեն, միշտ տեքստերը տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններում չառաջադրվելու` Տեր-Պետրոսյանի այսօրվա որոշմանը:
«Եթե տարիքն է պատճառը, ինչու էր պետք այդքան ձգել: Ինքը մեկ ուրիշ պատճառ էլ ունի, որի մասին չի ասում: Ես կանխազգում էի, որ ինչո՞ւ պետք է առաջադրվել, նա իր հաշվարկով ռոմանտիկ չէ, ռիսկի գնացող չէ, և ես չէի սպասում, որ դներ»,- ասել է Մարինե Պետրոսյանը:
Նրա խսքերով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ շուտ պետք է հեռանար։ «Ինձ համար նա չհաղթեց դեռ մարտ մեկից հետո, և ինքը այդ պարտությունը ձգեց չորս տարի: Եթե նա հեռանար, այն մարդիկ, որ ակտիվացել էին, մի ելք կգտնեին: Մարդիկ քեզ հավատում են, և դու օգնում ես, որ սխալ պատկերացնեն իրավիճակը»,- ասել է հրապարակախոսը, ապա անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կառույցի երկխոսություններին` տարօրինակ է համարել «կենաց-մահու» պայքարի գաղափարից կտրուկ անցումը հակառակորդների հետ երկխոսության:
«Եթե դու մտածում ես, որ քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է, էդ դեպքում պայքարի իմաստը ո՞րն է, քո հակառակորդը ո՞րն է, ուրեմն դու համակարգային հակառակորդ չունես, նրա հետ էլ կհամագործակցես»,- ասել է նա:
Մարինե Պետրոսյանի խոսքերով՝ ՀԱԿ-ը ժամանակավոր միավորում էր, որի նպատակն իշխանափոխությունն էր, որն էլ չիրականացավ:









































