Այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկ: Արսենը, նրա անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Ջուլֆալակյանը հանդիպեցին լրագրողների հետ:
«Շատ շնորհակալ եմ: Շատ հաճելի է ճանաչվել երկրի լավագույն մարզիկ: Սա շատ պարտադրող է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, եղբորս, առանց որի ես նման հաջողության չէի հասնի, մարզիչներիս: Սա թիմային աշխատանք է: Միայնակ ոչնչի չես հասնի: Մի փոքր չբավականացրեց, որ ոսկի նվաճեմ, բայց հուսով եմ, որ այդ բացը կլրացվի: 2012թ. ամուսնացա: Այս տարին գերազանց էր ինձ համար:
Այս տարի խոսվեց նաև այն մասին, իբր ես հայտարարել եմ, որ Օլիմպիական խաղերում հակառակորդիս զիջել եմ այն պատճառով, որ նա յուղ է քսել մարմնին: Այդ տեղեկությունները մենք անմիջապես հերքեցինք ասուլիսի ժամանակ, որը հրավիրել էինք Լոնդոնից վերադառնալուց անմիջապես հետո: Նա իր մարմնին յուղ քսել էր, բայց ես դրա պատճառով չեմ պարտվել: Ես Վլասովին հնարավորություն եմ տվել հնարք կատարել, իսկ ինքս չեմ կատարել իմ հնարքը: Յուղ հիմնականում օգտագործում են թուրք մարզիկները: Երբ մարզիկը դուրս է գալիս գորգ, այն չի երևում, միայն բուրում է, իսկ քրտնարտադրության հետ գոտեմարտի ընթացքում սկսում է դուրս գալ:
Եթե նկատել եք, ձեռքիս երբեմն կապվածք է լինում: Դա նաև օգնում է բռնվածք կատարել, երբ հակառակորդդ յուղ է քսել մարմնին: Նույնիսկ այդ պարագայում Աշխարհի առաջնության եզրափակիչում թուրք մարզիկը պահանջում էր հանել այն, սակայն ես վնասվածք ունեի, որը տեսավ նաև բժիշկը՝ բուժզննման ժամանակ: Այդպես եղավ նաև Օլիմպիադայում, երբ գոտեմարտում էի ադրբեջանցի մարզիկի դեմ:
2013թ. գլխավոր նպատակս Աշխարհի չեմպիոն դառնալն է:








































