Մինչ ԵԽԽՎ քաղաքական հարցերով կոմիտեի կողմից վերջին որոշման ընդունումը՝ առաջարկներ են արվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանաձևի 3 նախագծերի վերաբերյալ: ԵԽԽՎ բյուրոն ճնշող մեծամասնությամբ քվեարկել է մեկ փաստաթղթի ընդունման օգտին՝ 3 առաջարկներից 2-ի միավորմամբ:
«Այս անգամ այս որոշումն ընդունելով՝ մեր բյուրոն ցանկանում է չմիջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ փորձել ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև կապերն ու հարաբերությունները»: Այս մասին APA-ին ասել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը՝ մեկնաբանելով քաղաքական հարցերով կոմիտեի ընդունած՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման և այդ հարցով հատուկ զեկուցող նշանակելու վերաբերյալ բանաձևի պատրաստման հետ կապված առաջարկը:
Բրասերը նշել է, որ տվյալ հարցով զեկուցողը որոշվել է կոմիտեում գաղտնի քվեարկության միջոցով:
Նա նշել է, որ առայժմ ոչինչ չի կարող ասել զեկույցի ձևի և բովանդակության մասին: «Կոմիտեի հերթական նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Փարիզում: Կարծում եմ՝ այդ հարցը կքննարկվի նիստի ընթացքում…»,- նշել է նա: