Բեռլինի մետրոյի գնացքում հայտնաբերվել է մահացած ուղևոր, որն ամբողջ գիշեր շրջել է գծերից մեկով, ընդ որում` կողքից այնպիսի տպավորություն է եղել, որ նա քնած է` հաղորդում է Reuters-ը:
65-ամյա տղամարդուն տեղի ժամանակով ժ. 5:45-ին «Վայնմայստերշստրասե» կայարանում հայտնաբերել է մետրոպոլիտենի աշխատակիցը:
Ուղևորը նստած է եղել հորիզոնական դիրքով ու ոչնչով չի տարբերվել քնած մարդուց:
Երկաթուղային աշխատակիցը փորձել է նրան արթնացնել, սակայն պարզվել է՝ տղամարդը մահացած է: Դեպքի վայր ժամանած բժիշկները միայն նրա մահն են արձանագրել:
Հայտնի չէ, թե նա կոնկրետ երբ է մահացել:
Նախնական տվյալների համաձայն՝ սպանության մասին խոսք լինել չի կարող: Այսօր նշանակվել է փորձաքննություն, որը պետք է լույս սփռի ուղևորի մահվան հանգամանքների վրա: Մահացածի անունը հայտնի չէ:









































