Հայաստանում հաճախ կարելի է լսել տեսակետ, թե ներքաղաքական գործընթացները պետք է դուրս բերել, այսպես ասած, երեք նախագահների եռանկյունուց և նոր վեկտոր գտնել ներքաղաքական զարգացումների համար:
Նկատի է առնվում այն, որ ներքաղաքական գործընթացների բևեռները առաջին, երկրորդ և երրորդ նախագահներն են` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, և նրանց շուրջ է պտտվում գործընթացը: Դժվար է ասել, թե հատկապես ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ շրջանառել այդ միտքը, բայց այժմ այն, թերևս, հաճախակի է հնչում:
Օրինակ` քաղաքական ուժերից դրա կրող կարելի է համարել «Ժառանգությանը», որի անդամները, ընդհուպ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, պարբերաբար խոսում են այդ մասին: Իհարկե, այդ մասին խոսում են նաև մարդիկ, ովքեր «Ժառանգություն» կուսակցությունից չեն, ովքեր ընդհանրապես քաղաքական գործիչ չեն, այլ հանդես են գալիս որպես փորձագիտական մտքի կրողներ: Անշուշտ, միտքը քննարկման արժանի է: Հարաբերական է, իհարկե, 20 տարի ժամանակը, և դժվար է ասել` արդյո՞ք 20 տարին շատ ժամանակ է ներքաղաքական գործընթացները հիմնականում այդ երեք բևեռների շուրջ հյուսված մնալու համար, թե՞ քիչ է այդ ժամանակը ու միանգամայն բնական է, որ առանցք շարունակում են մնալ այդ երեք գործիչները: Բայց նաև պետք չէ մոռացության մատնել այն, որ եռանկյունին ամենևին էլ միշտ չէ, որ եղել է: Այսինքն` երբ նախագահը Տեր-Պետրոսյանն էր, ներքաղաքական բոլորովին այլ դասավորություն էր, բոլորովին այլ բևեռներ, երբ Քոչարյանն էր, կրկին դասավորությունն ու բևեռները այլ էին` թե՛ մինչև հոկտեմբերի 27, թե՛ դրանից հետո: Եվ թերևս միայն վերջին երեք-չորս տարում է, որ գործ ունենք, այսպես ասած, նախագահական եռանկյունու հետ: Ընդ որում` այստեղ էլ ամեն ինչ հարաբերական է, քանի որ ակնհայտորեն նկատվում է այդ եռանկյունու անկյուններից մեկի «հարթեցման» գործընթացը: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի համար ներքաղաքական գործընթացների մուտքերը ավելի ու ավելի են փակվում, և նա ավելի ու ավելի է հայտնվում դրանցից դուրս մղվելու վտանգի առաջ: Այսինքն` մենք Հայաստանում փաստացի տեսնում ենք գործընթաց, որը գնում է դեպի այդ եռանկյունու ձևաչափի փոփոխություն:
Թեև, իհարկե, այստեղ ամեն ինչ միարժեք չէ, և Քոչարյանին դեռևս վաղ է հաշվից հանել: Բայց խնդիրն այն է, որ երեք նախագահների եռանկյունի ասվածը մի քիչ չափազանցվածություն ունի իր մեջ, մի քիչ շատ է ֆետիշացվում: Իրականում մենք գործ ունենք քաղաքական գործընթացի հետ, որի մասնակիցները պատվերով համերգի սկզբունքով չէ, որ ընտրվում են: Նրանք ընտրվում են պայքարի, մրցակցության արդյունքում: Որևէ մեկին ներքաղաքական գործընթացների հրավիրատոմս չեն բաժանում: Մասնակցության իրավունքը նվաճվում է պայքարում, հաճախ նաև բավական կոշտ ու դաժան պայքարում: Բայց այդպիսին է Հայաստանի իրականությունը, և թերևս ցանկացած երկրի իրականություն: Որևէ երկրում հենց այնպես ասելով քաղաքական ձևաչափեր, ներքաղաքական գործընթացի սուբյեկտների կազմեր չեն փոփոխվում: Հետևաբար երեք նախագահների եռանկյունու տեսությունը, փորձագիտական` փաստն արձանագրող գնահատականներից դուրս, տրամաբանության իմաստով որոշակիորեն արհեստականություն է իր մեջ պարունակում, որովհետև հազիվ թե այդ «ձևաչափը» փոխելու «բնական» ռեսուրսների առկայության պարագայում իրականությունն էլ, բնականաբար, այլ չլիներ: Եթե այլ չէ, կնշանակի ուրիշ որևէ մեկին դեռևս չի հաջողվել ներկայանալ «ձևաչափի» փոփոխության համար անհրաժեշտ վստահելի ռեսուրսով: Իսկ այդ դեպքում խոսքերն ավելորդ են:







































