Չիկագոյի բանտից համարձակ փախուստ իրականացրած բանկերի երկու թալանչիներից մեկին դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ջոզեֆ Բենքսը Քենեթ Քոնլիի հետ փախել էր դաշնային ուղղիչ կենտրոնի 20-րդ հարկից: Նրանք խցի պատին 15 սմ-անոց անցք էին բացել, այնուհետև սպիտակեղենից պատրաստված պարանով ցած իջել: Հանցագործները զգեստափոխվել էին, հարևան փողոցից տաքսի նստել, ինչը ֆիքսել էր տեսահսկման խցիկը:
Նրանց անհետացումը նկատվել է միայն վաղ առավոտյան, ինչը խոսում է այն մասին, որ նրանք մանրակրկտորեն ծրագրել էին փախուստը: Նրանք անկողնում ծածկոցների տակ սրբիչներով անհարթություններ էին ստեղծել, որպեսզի քնած մարդու տպավորություն ստեղծեին: Նրանց հաջողվել էր քողարկել նաև վնասված պատերը:
Հանցագործներին գտնելու համար մոբիլիզացվել են բոլոր հնարավոր ուժերը: Բենքսին հայտնաբերել հաջողվել է: Քոնլիի որոնումները շարունակվում են:









































