Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայամ Ֆոքսը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը հրաժարվում է զենք մատակարարել Լիբիայի ապստամբ ուժերին, որոնք շարունակում են հակահարձակման գործողությունները Մուամար Քադաֆիին աջակցող ուժերի դեմ: Նրա խոսքերով, Լիբիա զենք առաքելու պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Քադաֆիին աջակցող ուժերին, այլ նաև ընդդիմությանը: Նա նաև շեշտել է, որ միջազգային ուժերի ռմբակոծությունները նոր թափ են հաղորդել ընդդեմ Քադաֆիի ապստամբների պայքարին:
Պաշտպանության նախարարը միաժամանակ խոսել է այն փաստի վերաբերյալ, որ ապստամբները հետզհետե վերահսկողություն են սահմանում երկրի և հատկապես նավթային շրջանների նկատմամբ` դրանով ակնարկելով, որ ապստամբները նավթից ստացված գումարներով կարող են իրենց զենքն ու զինամթերքը գնել: Ֆոքսն ավելացրել է, որ միաջզգային կոալիցիայի նպատակը ոչ թե Քադաֆիին գահընկեց անելն է, այլ նրան ստիպելը, որ դադարեցնի խաղաղ բնակչության դեմ բռնություն կիրառելը: Այդ ժամանակ միայն կոալիցիան կդադարեցնի ռմբակոծությունները:
Հիշեցնենք, որ այսօրվանից ՆԱՏՕ-ն ստաձնել է միջազգային կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող գործողությունների հրամանատարությունը: