«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նա առաջարկում է ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախը և ամրագրենք բոլոր այն սպառնալիքների նկատմամբ մեր նվազագույն շեմը, որից չանցնենք և չստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կվտանգեն թե՛ Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-ասաց Փոստանջյանը: ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը ընդհանուր առմամբ համաձայն է Փոստանջյանի առաջարկած նախագծի հետ, սակայն հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշում և ոչ թե օրենք՝ չէ՞ որ «ԱԺ որոշումն օրենքի ուժ չունի»: Պարզվեց՝ այսպես է արել, որ ընդունվի, քանզի վստահ չէ, որ օրենքի նախագիծը կընդունվի: ՀՀԿ-ից Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ ինքը հարգում է Փոստանջյանի տեսակետը, սակայն կարծում է, որ այժմ պատեհ ժամանակը չէ այս նախագիծն ընդունելու և Արցախը ճանաչելու համար: Փոստանջյանը հիշեցրեց «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի ոդիսականը՝ Արցախը ճանաչելու ուղղությամբ, որն սկսվել է դեռ 1992 թվականից: ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը շարունակեց Շիրակին, թե հայրենասիրությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում, և պետք չէ ժողովրդի անունից հայտարարել, թե ժողովուրդն ինչ է ուզում: Այնուհետև անցավ հարցերին.
– Տիկին Փոստանջյան, Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, և վստահ եմ, որ ծանոթ եք մի շարք միջազգային փաստաթղթերի, որոնք բանակցային գործընթացի անբաժանելի մաս են կազմել: Մենակ մեկ կարճ հարց եմ Ձեզ տալիս. Դուք ծանո՞թ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի մանրամասներին:
– Այո, ծանոթ եմ այնքան, որքան որ հրապարակված փաստաթղթերում է նշված:
– Եվ դրա վրա ելնելով՝ Դուք եկել եք եզրահանգման, որ ՀՀ-ի համար այս պահին ԼՂՀ ճանաչումը ճի՞շտ որոշում է:
– Այո:
– Բան չունեմ ասելու:
Հաջորդ առարկողը Արտակ Զաքարյանն էր, որը նկատեց, որ ԼՂՀ-ն միջազգային ճանաչման անհրաժեշտություն ունի, այլ ոչ թե միայն Հայաստանի, և դրա համար դա դարձնել ԱԺ որոշման նյութ, արհեստական է համարում: Ալիկ Արզումանյանն այստեղ հիշեց ռուսական ինտեգրումը և բավականին վրդովված նշեց, որ իր համար վիրավորական է, որ «կռված տղերքն ասում են՝ մենք ո՞վ ենք, որ Ռուսաստանի որոշմանը դեմ գնանք»: «Մենք նրանք ենք, որ ստիպել ենք Ռուսաստանին ռադը քաշի ու թողնի մեզ մեն-մենակ Ադրբեջանի դեմ, որ մենք մեր հարցերն ազատ լուծենք»,-ասաց Արզումանյանը՝ մեջբերում անելով ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանի խոսքից: «Իմ վրա մի ցիտի»,-պահանջեց Հարությունյանը: «Դասականներին միշտ ցիտում են»,-հեգնեց Արզումանյանը: «Էդ ուրիշ բան»,-հանգստացավ ՀՀԿ-ականը: Ապա Արզումանյանն անցավ Նաիրա Կարապետյանի հարցադրմանը, որն իրեն դուր չէր եկել, ու ավելացրեց, որ պետք չէ դասեր տալ մյուսներին: «Էստեղ բոլորը նույն արժեքի, նույն չափի, նույն գույնի մանդատով ընտրված մարդիկ են, որոնց իրավունքները նույնն են բոլորի համար: Էստեղ չկա լավ պատգամավոր, վատ պատգամավոր, շատ բան իմացող կամ չիմացող պատգամավոր: Ես գտնում եմ, որ Հայաստանում ինձանից լավ որևէ մեկը որևէ հարց չգիտի ընդհանրապես: Ես կարծում եմ՝ կոռեկտ չէ, օրիորդ Կարապետյան, երբ Դուք հարցնում եք, թե ծանո՞ք եք ՄԱԿ-ի բաներին: Դա նույնն է, որ ես Ձեզ ասեմ, երբ որ ես էդ ՄԱԿ-ի բանաձևերը քննարկում էի, Դուք դպրոց էիք գնում: Սա հարցադրում չի, սա կոռեկտ չի քաղաքական տեսանկյունից»,-«դաս տվեց» Արզումանյանը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հորդորեց նման տոնով և գնահատականներով, ուրիշների խոսքի խմբագրումներով ելույթներ չունենալ: «Ես ընդամենը հաթաթային եմ պատասխան տվել»,-հակադարձեց Արզումանյանը: «Հաթաթա չի տրվել»,- հակադարձեց Զաքարյանը: «Տրվել է: Էս մարդուն հարցնում են՝ դու կարդացե՞լ ես, որ խոսում ես»,-ասաց նա՝ ակնարկելով Նաիրա Կարապետյանի հարցը Փոստանջյանին: Կարապետյանն էլ արձագանքեց, թե «բա չհարցնե՞մ, որ հետո իմանամ ոնց քվեարկեմ»: Արզումանյանի ու ՀՀԿ-ականների վեճը թեժացավ, ամենից բուռն արձագանքում էր Համլետ Հարությունյանը: Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-վրացական և հայ-իրանական սահմանների մասին, ինչ ազդեցություն է ունենալու ԵՏՄ-ին անդամակցումը Իրանից Հայաստան ներկրվող գազի վրա: Հերթը հասավ Արտաշես Գեղամյանի ելույթին, Ալիկ Արզումանյանը փորձեց դուրս գալ դահլիճից՝ ծխելու: «Մնացե՛ք, պարոն Արզումանյան, հա՛մ առողջությանն է օգուտ, հա՛մ էլ ուղեղը կթարմանա»,-հորդորել է Գեղամյանը: Արզումանյանը մնաց, Գեղամյանն սկսեց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում








































