ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, երեկ կրկին ի ցույց է դրել իր և իր հարազատ կուսակցության ողջ էությունն ու բովանդակությունը, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Ազգային ժողովի սրահում նրան է մոտեցել «Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը և իրեն հատուկ մեղմությամբ փորձել հարց ուղղել նրան: Ընդ որում, իր հնչեցնելիք հարցը լրագրողը բնորոշել է «շատ թեթև»: Ներկայացնենք իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեցող երկու Մհերների զրույցը:
– Երկու թեթև հարց, պարոն Սեդբակյան, շատ թեթև:
– Դավայ, դավայ, դավայ, յալլա՛:
– Դավայ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք…
– Կտամ ծնոտդ կպոկեմ, թռի հլը:
– Ինչի՞…
– Արդեն կապներդ կդրվել ա, սանձներդ թողեցիք ընգաք արդեն…
«ՀԺ» թղթակցի հետ զրույցում Մհեր Արշակյանը պարզաբանեց, որ Թոխմախի Մհերին ուզում էր հարց ուղղել էթիկայի հանձնաժողովի մասին, թե ինչու է ՀՀԿ-ն այդքան ուզում մեկի փոխարեն երկու ներկայացուցիչ ունենալ այդ հանձնաժողովում: Թոխմախի Մհերը, առանց հարցը լսելու, իր համար սովորական պահվածքով, փաստորեն, սպառիչ պատասխան է տվել հարցին: Ավելի ուշ ԶԼՄ-ներին Թոխմախի Մհերը, իհարկե, ասել է, թե դա սպառնալիք չէր, այլ ինքն «ընդամենը զայրացել է», ինչ-որ պարզաբանումներ է տվել, բայց դրանք Թոխմախի Մհերի և ՀՀԿ-ականների հարազատ բառապաշարով ասած՝ «կռուտիտներ», «ուխոդներ» ու «աբխադիտներ» են: Փաստը արձանագրված է տեսանյութով, տեսանյութը համացանցում է և լայն հետաքրքրություն է վայելում: Թոխմախի Մհերը երեկ մի քանի վայրկյանի ընթացքում սպառիչ պարզաբանել է, թե ինչ էր ուզում ասել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընդամենը մի քանի օր առաջ ունեցած իր ելույթում, երբ հայտարարում էր. «Սա նոր Հայաստան է և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ: … Առաջ, դեպի ապահով Հայաստան»: Դա այն Հայաստանն է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառուցել ու կառուցում են Թոխմախի Մհերը, Լֆիկը, Շմայսը, Մուկը, Նեմեցը, Բառադի Համոն…
Հ.Գ. Երեկ մի խումբ լրագրողներ դիմել են ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով նրան «կարգի բերել Մհեր Սեդրակյանին»: Կարելի է կռահել, որ այդ խնդրանքը Հովիկ Աբրահամյանը հաճույքով կկատարի, որպեսզի միջադեպը սպառված համարվի: Լրագրողները պատրաստվում են դիմել նաև Աժ էթիկայի հանձնաժողով: Ինչ շարունակություն կստանա այս պատմությունը, առայժմ դժվար է ասել: Մհեր Արշակյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանություննւր տալ: «Տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է»,- ասել է նա:









































