ՄԱԿ-ը չորեքշաբթի օրը դոնոր-երկրներին կոչ է արել 1.5 միլիարդ դոլար հավաքել՝ սիրիական փախստականներին և տուժածներին օգնելու համար։ Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի գնահատականներով՝ Սիրիայի փախստականների թիվը հաջորդ տարվա առաջին կեսին կհասնի մեկ միլիոնի: Ներկա պահին Սիրիայի հարևան երկրներում գրանցվել և գրանցման են սպասում 525 հազար փախստականներ: Փախստականների օգնության համար ծրագրվում է մեկ միլիարդ դոլար հատկացնել, որը ընդհանուր գումարի մեկ երրորդն է կազմում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ շտապ հումանիտար օգնության է սպասում նաև չորս միլիոն մարդ, որոնց կեսը «ներքին տեղափոխվող անձի» կարգավիճակ ունի. հակամարտության պատճառով նրանք ստիպված են եղել թողնել իրենց տները, սակայն դեռ շարունակում են մնալ երկրի տարածքում:
2012 թ. ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունները Սիրիային օգնելու համար 835 միլիոն դոլար էին խնդրել (հավաքվել է պահանջված գումարի 50 %-ը), որից 348 միլիոնը նախատեսված էր ուղղել երկրի ներսում գտնվող քաղաքացիների, իսկ 487 միլիոն դոլարը (հավաքվել է 70 %-ը)՝ փախստականների օգնությանը:
Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011 թ.մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ժամանակվանից 30 հազար մարդ է զոհվել:









































