Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ջեյմսթաուն հիմնադրամը Վաշինգտոնում կազմակերպել է «Ադրբեջանը և նրա տարածաշրջանային, եվրոպական ու անդրատլանտյան գործընկերները» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Իր ելույթում Բրայզան վերլուծության է ենթարկել ադրբեջանական հասարակության ընթացիկ վիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում իշխանական կառույցները կենտրոնացած են մեկ խմբավորման ձեռքում, և որ երիտասարդ սերունդը չի ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ:
Խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի մասին՝ Բրայզան ընդգծել է, որ ցայժմ դրանք ունեցել են երեք ուղղվածություն՝ անվտանգություն, ժողովրդավարական բարեփոխումներ և էներգետիկա: Վերջինս մշտապես համարվել է դրանցից առաջնահերթը:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ Բրայզան հայտարարել է. «Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ամենամեծ խոչընդոտն է տարածաշրջանի զարգացման համար: Այն բացասաբար է անդրադառնում ոչ միայն անվտանգությանը, այլև տնտեսությանն առնչվող հարցերի վրա:
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել հակամարտության կարգավորմանը, սակայն, միևնույն ժամանակ, բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ դրական փորձ է»:








































