«Հնդկաստանի ոստիկանությունը հայտարարել է բռնաբարության համար պատիժը խստացնելու և երթուղային ավտոբուսների (որոնցից սովորաբար օգտվում են կանայք գիշերային ժամերին) մոտ ոստիկանական պահակախմբերի ուժեղացման մտադրության մասին»,- հաղորդում է bbc.co-ն: Իշխանություններն այս հայտարարությունն արել են այն բանից հետո, երբ մայրաքաղաք Դելիում 23-ամյա ուսանողուհին դարձավ ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ: Ներկայումս նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Աղջկա վրա հարձակվել են, երբ նա ընկերոջ հետ կինոթատրոնից տուն վերադառնալիս է եղել: Հարձակումից հետո երկուսին էլ ծեծել են, հագուստները հանել և դուրս շպրտել ավտոբուսից:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռաջան Բահագատը bbc-ին հայտնել է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել ավտոբուսի վարորդին և ենթադրյալ հանցագործներին:









































