IBM ընկերությունը ներկայացրել է հերթական The Five in Five կանխատեսումը: Նրանում ընկերությունն անվանում է 5 միտումները, որոնք, իր կարծիքով, առաջիկա 5 տարիներին կգերիշխեն համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում:
Հերթական The Five in Five-ում միտումների ցուցակը համընկնում է մարդու զգայարանների հետ: IBM-ը կանխատեսում է, որ համակարգիչները կունենան լսողություն, տեսողություն, համի, հոտի և շոշափման «զգայարաններ»:
«Լսողությունը» համակարգիչներին թույլ կտա կոդավորել շրջակա աշխարհի ձայները: Այսպիսով՝ ծառայությունները քամուց ծառերի խշշոցի միջոցով կարող են իմանալ՝ փլուզման վտանգ կա՞: «Լսողության օրգաններով» զինված հեռախոսները կկարողանան կազմել օգտատիրոջ գտնվելու տեղանքի ձայնային պատկերը: Հեռախոսը, զգալով, որ տերը գտնվում է կինոթատրոնում կամ կոնֆերանսի սրահում, ինքնուրույն անցնում է անձայն ռեժիմի:
«Տեսողությունը» սարքին թույլ կտա ճանաչել լուսանկարների և տեսագրությունների օբյեկտները: Բժիշկները կարող են դա օգտագործել ախտորոշման դեպքում, իսկ գովազդատուները կիմանան օգտատիրոջ հետաքրքրությունները: Դա կկիրառվի նաև արտակարգ իրավիճակների ծառայություններում:
Համի զգացողության միջոցով համակարգիչները կկարողանան վերլուծել սննդի կազմի քիմիական բաղադրությունը և կոնկրետ մարդուն ներկայացնել սննդարար առումով օպտիմալ բաղադրատոմս:
Հոտի զգացումը կապահովեն ցուցիչները, որոնք մարդու արտաշնչած օդի միջոցով կորոշեն, թե նա ինչ հիվանդություններ ունի:
Առաջիկայում համակարգիչը կկարողանա ձեզ ընձեռել մեկ այլ վայրում գտնվող իրը շոշափելու, դրա որակը զգալու հնարավորություն: Դրա համար կկիրառվի էկրանի տատանումը: Տեխնոլոգիան կարող է կիրառվել առցանց առևտրի ոլորտում:
Նշենք, որ կանխատեսումն արվում է 2007 թվականից:









































