Շվեդիայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են խորհրդային սուզանավ: Ինչպես հաղորդում է շվեդական The Local պարբերականը, սուզանավը գտնվում է Բալթիկ ծովի հատակում` Օլանդ կղզուց հարավ-արևելք:
Սուզանավը ջրում անցկացրել է ավելի քան 70 տարի: Փորձագետները կարծում են, որ այն խորտակվել է 1941 թ. սեպտեմբերին: Շվեդիայի զինվորական ուժերի կողմից հրապարակված տեսանյությում երևում է, որ սուզանավից մնացել են միայն բեկորներ:
Փորձագետները համոզված են, որ գտնված սուզանավը խորհրդային է, քանի որ պահպանվել է ռուսերենով գրությունը և ԽՍՀՄ-ի խորհրդանիշը` մուրճ ու մանգաղը:
Դեռևս պարզ չէ, թե ինչն է դարձել սուզանավի վթարի պատճառ: Քանի որ սուզանավը հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից ականապատված տարածքում, ենթադրվում է, որ այն պայթել է ականի վրա:









































