Հորդանանի հաշիմյան թագավորության մայրաքաղաք Ամմանում մարտի 25-ին տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով կան բազմաթիվ վիրավորվածներ: Al-Arabia հեռուստաընկերությունը հայտնում է, որ վիրավորվել է ավելի քան 130 մարդ: Տեղեկություններ կան նաև 1 զոհի մասին:
CNN-ը երեկ հաղորդել է, որ փողոց են դուրս եկել մի քանի հազար մարդ (որոշ աղբյուրներ հաղորդում են 2.000-ի մասին), որոնք հիմնականում եղել են իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ: Հայտնի է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ:
Երկրի վարչապետ Մաարուֆ Ալ-Բահիտն ասել է, որ երեկվա ցույցի ողջ պատասխանատվությունը կրում են իսլամիստական կազմակերպությունների ներկայացուցիչները և զգուշացրել է, որ հնարավոր են նոր բախումներ:
Հիշեցնենք, որ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից հետո այդ ալիքը հասավ նաև արաբական մյուս երկրներ, այդ թվում` Հորդանան: Փետրվարին թագավոր Աբդալլահ 2-րդը, ընդառաջ գնալով ցուցարարների պահանջներին, պաշտոնանկ արեց կառավարությանը: Բացի այդ, կառավարությունը փորձում է արհեստականորեն զսպել աննախադեպ գնաճը` նոր սոցիալական հուզումներ թույլ չտալու համար:








































