Եգիպտոսի իշխանությունները աջակցում են սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուկրին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրի հետ հանդիպման ժամանակ, գրում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ Կահիրեն նախկինի պես կարծում է, որ Սիրիայի ճգնաժամի լուծման համար նախընտրելի տարբերակը քաղաքական որոշումն է: Ավելի վաղ եգիպտացի նախարարը հայտարարել էր, որ արաբական պետության իշխանություններն իրենց զորքերը չեն ուղարկի այն շրջանները, որտեղ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում են ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը:
Իր հերթին Կահիրեն, նրա խոսքով, «տրամադրված է ավելի շատ համագործակցել արաբական երկրների հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվության փոխանակումը կամ ռազմական համատեղ զինավարժությունների ակտիվացումը»:









































