Բրիտանական The Daily Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Ռուսաստանին ներկայացրել է Սիրիայում առկա հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկ:
Թուրքական նախաձեռնությամբ նախատեսվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հրաժարական պետք է տա 2013 թվականի առաջին երեք ամիսներին, իսկ անցումային շրջանը պետք է իրականացվի Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային դաշինքի հովանու ներքո:
Պարբերականի տվյալներով՝ թուրքական այս առաջարկը քննարկվել է ոչ վաղ անցյալում Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիան ձգտում է Ասադին զրկել ռուսական ու իրանական աջակցությունից:










































