1947թ. այս օրը Դետրոյթում մահացավ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:
Ծնվել է 1907թ. Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում, 1930-ին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937թ. ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությամբ արժանացել է 2-րդ մրցանակի։
Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947թթ.` «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։ Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։









































