Այսօր գերմանացի լեգենդար դիզայներ, լուսանկարիչ Կառլ Լագերֆելդը դառնում է 80 տարեկան, հայտնում է kommersant.ru-ն: Կառլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում 1933թ.:
Նա «Շանել» (Chanel) նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» (Fendi) և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայներն ու ստեղծագործական տնօրենն է։
1952թ. տեղափոխվել է Փարիզ, 1955-ին Կառլը ստացել է առաջին մրցանակը վերարկուի դիզայնի մրցույթում։ Հետո դարձավ Պիեռ Բալմենի օգնականը, ում հետ աշխատեց մինչև 1958 թվականը։
1963-ից սկսեց աշխատել միանգամից չորս նորաձևության տներում՝ Chloé, Krizia, Charles Jourdan և Fendi՝ ստեղծելով յուրաքանչյուրի համար բոլորովին տարբեր հավաքածուներ։ 1974թ. Կարլ Լագերֆելդը հիմնադրեց իր սեփական գիծը՝ Karl Lagerfeld Impression։ 1983թ. Լագերֆելդը դարձավ Chanel-ի գեղարվեստական ղեկավարը։
1987-ից զբաղվում է լուսանկարչությամբ, հրատարակել է մի քանի գիրք։ 1993թ. արժանացել է Lucky Strike Designer Award մրցանակին։ Կառլ Լագերֆելդը հայտնի է, որպես օծանելիքի բույրերի ստեղծող։ Նա ստեղծել է մի շարք բուրմունքներ՝ Chloé (1975), KL (1982), KL pour Homme (1986), Lagerfeld Photo (1990), Jako (1997)։
Ամուսնացած չի եղել, երեխաներ չունի:










































