Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում՝ «Անի» Հյուրանոցի դիմաց, բախվել են «Mercedes C» մակնիշի 23 ՕՕ 626 համարանիշի և «Mercedes S» մակնիշի 80 PP 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վթարի վայր են ժամանել 1-03 ծառայության մի քանի բրիգադներ: Վթարի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը՝ ում հանձնարարականով Աբովյան խաչմերուկից մինչև Նալբանդյան խաչմերուկն ընկած Սայաթ-Նովա փողոցի հատվածում դադարեցվել էր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներ Արթուր Գասոյանն ու Տիգրան Վարդանյանը: Տեղում են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի և Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ վթարի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին:
shamshyan.com -ը հայտնել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի առջևի և ետևի մասում գարեջրի դատարկ և լիքը շշեր կային: Քննիչ Տ. Վարդանյանի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Վթարի վայրում հավաքվածները shamshyan.com-ին պատմել են, որ վիրավոր աղջիկները գիշերային ակումբի պարուհիներ են եղել:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:









































