Շվեյցարիայի դաշնային դատախազությունը պատրաստ է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրել՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության դեմ ցուցմունք տալու համար: Այս մասին հայտնոում է Sonntags Zeitung-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ «Ինչպիսի կանոններ պետք է գործեն այն դեպքում, եթե Էդվարդ Սնոուդենը տեղափոխվի Շվեյցարիա, և ԱՄՆ-ը պահանջի նրա արտահանձնումը» անվանումով պաշտոնական փաստաթղթում դատախազությունը եզրակացություններ է անում, որ Ազգային անվտանգության գործակալության գործունեության հետաքննման շրջանակում Սնոուդենին կարող է երաշխավորվել չարտահանձնման իրավունք՝ բացառությամբ այն դեպքի, եթե դա չպահանջեն «բարձրագույն պետական պարտավորությունները»: Կա՞ն այդպիսիք՝ դատախազությունը դեռևս պետք է ստուգի:
Սնոուդենին նաև պաշտպանություն կտրամադրվի խորհրդարանի կողմից հարցաքննման ժամանակ, քանի որ Սնոուդենի դեմ ԱՄՆ մեղադրանքները, շվեյցարական իշխանությունների կարծիքով, կրում են «առավելապես քաղաքական բնույթ»:
Պարբերականի տվյալներով՝ Շվեյցարիայում Սնոուդենի փաստաբան Մարսել Բոսոնեն դրական է ընդունել դատախազության որոշումը: Նա նշել է, որ Սնոուդենն արդեն հետաքրքրություն է դրսևորել Շվեյցարիայում ցուցմունք տալու հարցում:









































