Կալիֆոռնիայի կենսաբանները փորձում են պարզել այն ֆենոմենը, որին նրանք բախտ են ունեցել հետևել անցած կիրակի Մոնտերեյի ծոցի Սանտա-Կռուզ շրջանում: Առավոտյան ծովափը լցված է եղել կալմարների մարմիններով, որոնք ինչ-որ պատճառներից դրդված նետվել են ափ:
12 մղոն երկարությամբ ծովափը ծածկված է եղել խմբակային սուիցիդ իրականացրած կալմարների դիակներով՝ հաղորդում է CBS հեռուստաալիքը: Վերջին վեց շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է:
«Նրանք ուղղակի ափ են նետվում: Բավականին տարօրինակ երևույթ է»,- պատմել է CBS-ին Հարվարդի համալսարանի սան Հաննա Ռոուզենը: Նրա խոսքերով՝ մարդիկ դեռ ողջ մնացած կալմարներին փորձել են վերադարձնել ծով, բայց նրանք, միևնույն է, իրենց նետել են ավազի վրա: Հարկ է նշել, որ ծովափին հայտնվել են միայն երիտասարդ կենդանիները, որոնք մի քանի տասնյակ սանտիմետր երկարություն են ունեցել, իսկ մեծահասակները հասնում են մի քանի մետրի:
Հաննա Ռոուզենը գտնում է, որ հնարավոր է՝ նրանք թունավորվել են ինչ-որ տոքսիկ նյութից. «Հնարավոր է՝ նրանք չեն հասկանում, թե որտեղ է ավարտվում ջուրը: Դա կարող է կապված լինել գլոբալ տաքացման հետ»,- նշում է նա: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ նրանք գայթակղվել են որսով, որի ժամանակ կարող են զոհին հետապնդել մինչև ափ:









































