«Ասպարէզ» օրաթերթը տեղեկացնում է, որ, ի կատարումն Կալիֆոռնիայի խորհրդարանի անցած տարի կայացրած թիվ 148 որոշման, այդ նահանգի Մոնթեբելլոյով անցնող թիվ 60 մայրուղու վրա տեղադրվում են մեծ ցուցատախտակներ, որոնք վարորդների կհուշեն, թե որ ուղղությամբ է պետք թեքվել` Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության հուշարձան հասնելու համար:
Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում գտնվող հուշարձանի մոտ տանող ճանապարհների վրա կդրվի երկու ցուցատախտակ` Գարֆիլդ և Ուիլքոքս շրջաններից դուրս գալու ճանապարհին: Ապրիլի 1-ին տեղի է ունենալու այդ ցուցատախտակների բացման հանդիսավոր արարողությունը:
Տեղեկացնենք նաև, որ 1965 թ. բացված այս հուշարձանը 2015 թ., երբ հայերը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, կստանա պատմական հուշարձանի կարգավիճակ: