«Եթե Ռուսաստանի նման երկիրը կարող է վետո դնել ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, էլ ինչ իմաստ ունի ՆԱՏՕ-ի գոյությունը», հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն` ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող ՆԱՏՕ-ի սեմինարին: Նա ավելացրել է նաև, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը ականջ է դնում մեղմ ասած ոչ ժողովրդավար Ռուսաստանի ասածին և դեմ է գնում Վրաստանի նման երկրի անդամակցությանը, ապա Վրաստանը իմաստ չի տեսնում նման կազմակերպությանը անդամակցելու մեջ, քանզի այն չի համապատասխանում մեր պատկերացումներին: Այս մասին տեղեկացնում է Грузия Online–ը:
«Իհարկե, դժվար է և՛ բարեկամություն անել Ռուսաստանի հետ, և՛ միաժամանակ քննադատել նրան, սակայն Արևմուտքը պետք է հստակ կողմնորոշվի, կիսատ-պռատ քայլերով խնդիր չի լուծվի: Արևմուտքը պետք է գնա մինչև վերջ ու ասի, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ճիշտ քայլ է: Իսկ Վրաստանն էլ իր ժողովրդավար բարեփոխումներով ամեն կերպ նպաստում է, որպեսզի Արևմուտքը հաստատակամ լինի իր որոշումներում»,- նշել է Բարամիձեն` դիմելով սեմինարի մասնակիցներին, որոնց կարծիքով ԵՄ-ից առաջ նախ ՆԱՏՕ ընդգրկվելու Վրաստանի ձգտումը սխալ է և թելադրված է ԱՄՆ-ի կողմից: Այս մասին մասնավորապես բարձրաձայնել է Նիդեռլանդների ներկայացուցիչը: