Հյուսիսային Կորեայի երկու բնակիչներ լողալով հատել են Հարավային Կորեայի հետ սահմանը՝ խնդրելով այնտեղ տրամադրել ապաստան: Այս մասին գրում է The Guardian-ը:
Տղամարդիկ, որոնցից մեկը 20 տարեկան է, մյուսը՝ 50, տեղի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 4-ին լողալով հատել են սահմանը Դեղին ծովում՝ հասնելով հարավկորեական կղզիներից մեկին, որտեղ էլ նրանց նկատել են ծովային պարեկները:
«Նրանք երկուսն էլ ցանկացան փախստականի կարգավիճակ ստանալ: Ենթադրաբար, նրանք հայր և որդի են»,- ասել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը:
Նշվում է, որ տղամարդիկ Հյուսիսային Կորեան լքել են նավակով:









































