Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզուն վրա հասած «Պաբլո» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 270-ը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, վկայակոչելով ազգային քաղաքացիական պաշտպանության պաշտոնական տվյալները, զոհերի թիվը հասել է 274-ի, վիրավորվել է շուրջ 350 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր 230 զոհի մասին:
Ֆիլիպինների ներքին գործերի նախարար Մանուել Ռոխասը հայտարարել, որ 10 միլիոն բնակչությամբ կղզում թայֆունի հետևանքով անհայտ կորած է համարվում շուրջ 300 բնակիչ: Քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ ժամանակավոր կացարաններում ապաստան է գտել ավելի քան 180 հազար մարդ: Ընդհանուր առմամբ բնական աղետից տուժել է 217 հազար ֆիլիպինցի:
Հինգշաբթի օրը երկրի փոխնախագահ Ջեջոմար Բինայն այցելելու է աղետից առավել տուժած շրջաններ՝ Արևելյան Դավաո, Հարավային Դավաո և Կոմպոստելա-Վելի:
Ամեն տարի Ֆիլիպիններ է ներթափանցում մինչև 20 արևադարձային ցիկլոն, որոնք հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում:
«Պաբլո» թայֆունն ամենահզորն է այս սեզոնում:











































