Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսում չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վերջերս Կոնգրեսի դիրքորոշումը մեղմացել է: Ընդհակառակը, Զուրաբյանի խոսքերով, նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրությունների պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: «Այլ բան, որ քաղաքական գործընթացը սահուն դարձնելու համար հարկավոր է այս օրերին որոշ պահանջներ կատարել: Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, ոչ թե՝ իշխանության»,- վստահեցրեց նա:
Զուրաբյանն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի նպատակն է հզորացնել ժողովրդի ճնշումը և այդպես պարտադրել Սերժ Սարգսյանին ներկայացնել հրաժարական: «Հայ ազգային կոնգրեսը կողմ է սահուն գործընթացներին, բայց ժողովրդի համբերությունը սպառվում է, մեծանում արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը»,- ասաց նա: