ԱՊՊԱ համակարգի ներգրավվածության ցուցանիշի ամսական աճը կրկնապատկվել է: 2012թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակն աճել է` կազմելով 372.010: Նախորդ ամսվա վերջին օրվա համեմատ այս ցուցանիշը աճել է 5.301-ով, ինչն ավելի քան կրկնակի մեծ է նախորդ ամսվա գրանցված աճից:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 242.4 մլն դրամով կամ 38.8 տոկոսով և կազմում է մոտ 875.4 մլն դրամ: Որոշակի չափով աճել է նաև հատուցման համար ներկայացված դիմումների միջին ամսական քանակը (հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում միջինը ամսական` 3,536 դիմում, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում` 3,566) և հատուցման միջին չափը (2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համար` 198.366 դրամ):
Հոկտեմբեր ամսվա վնասաբերության ցուցանիշը փոքր-ինչ աճել է` կազմելով 72% (սեպտեմբերի համեմատ ավելանալով 2 %-ով):
Հավելենք, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՊՊԱ պայմանագրերի դիմաց հավաքագրվել է 12 մլրդ 292 մլն 454 հզ. դրամ՝ հունվար-սեպտեմբերի 12 մլրդ 900 մլն 920 հզ. դրամի դիմաց: Այսինքն՝ հաշվեգրումն ավելացել է մոտ 5 %-ով:
Ստացվում է, որ վարորդներն ավելի արագ տեմպերով են գումարներ վճարել, քան ողջ համակարգի ծախսն է կազմել: Հետևաբար՝ համակարգի շահութաբերությունն ավելի արագ է աճում:









































