Քեյթ Միդլթոնը մտադիր է սովորական մանկություն ապահովել իր ապագա երեխայի համար, հաղորդում է Evenenig Standard-ը` վկայակոչելով դքսուհուն մոտ կանգնած աղբյուրներին:
Դքսուհին հասկացնել է տվել, որ թույլ չի տա, որպեսզի երեխայի կողքին գտնվեն մի խումբ «հնաոճ դայակներ»: Հավանաբար Քեյթին կօգնի երկու դայակ, բայց դրա հետ մեկտեղ նա ցանկանում է, որ իր կողքին լինի նաև մայրը` Քերոլը, ում կարծիքը շատ թանկ է իր համար:
Արքայազն Ուիլյամը երեխաների դաստիարակության հարցում հակված է նույն կարծիքին, քանի որ նա նույնպես դաստիարակվել է նման կերպ: Արքայադուստր Դիաննան ցանկանում էր, որ իր որդիները բազմակողմանիորեն պատկերացում ստանան կյանքի մասին: Այդ պատճառով նա, օրինակ, Ուիլյամին իր հետ տանում էր անտուններին անվճար սնունդ բաժանելու:
Ապագա թագաժառանգը կստանա ավանդական կրթություն, ինչպես իր ծնողները:
«Ընտանիքը, մասնավորապես ամուր ընտանիքը շատ կարևոր է Քեթրինի համար: Նման ընտանիքը միշտ եղել է նրա հենարանը և նա ցանկանում է, որ իր երեխան նույնպես մեծանա նման մթնոլորտում»,- նշել է աղբյուրը:









































