Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դոլմաբահչե վարչապետական նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է մոտ 2.5 ժամ:
Հանդիպումն անցել է մամուլի համար դռնփակ պայմաններում: Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ու Սերգեյ Լավրովը, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը և Պուտինի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը:
Ներկայումս Դոլմաբահչեում մեկնարկել է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստը, որը համանախագահում են Պուտինն ու Էրդողանը:
Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պուտինը դժվարությամբ է նստել աթոռին:












































