ՀԱԿ-ն ու Հանրապետական կուսակցությունը պայմանավորվել են, որ Մարտի 1-ի հարցերով հանձնաժողովի ստեղծման` ՀԱԿ-ի ցուցաբերած նախաձեռնությանը կանդրադառնան մեկ տարի հետո: Ընդ որում, այսօրվա ԱԺ նիստում Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ-ին հավաստիացրել է, որ ՀՀԿ-ն խոսքի տերը կլինի և մեկ տարի հետո կընդառաջի ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Այսինքն` փաստորեն ՀԱԿ-ի համար ՀՀԿ-ի կամ Հովիկ Աբրահամյանի խոսքերը արդեն հիմք են ինչ-որ համաձայնության համար:
Մոտ մեկուկես տարի առաջ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի խոսքերին էր հավատում, որը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործի քննությանը նոր թափ է պետք հավաքել: Նոր թափը ընդամենը մեղմեց հասարակական բուռն ակտիվությունը, որ մսխվեց ՀԱԿ-ի ակտիվ աջակցությամբ, և Մարտի 1-ի հարցում այդպես էլ ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Ինչ տեղի կունենա մեկ տարի անց: Ինչ իրավիճակ կլինի մեկ տարի անց:
Նախ` եթե ՀԱԿ-ն այսօր գնում է նման համաձայնության, ուրեմն ՀԱԿ-ում համոզված են, որ մեկ տարի անց իշխանական մեծամասնությունը կրկին ՀՀԿ-ն է լինելու: Այլապես այսօր ՀԱԿ-ի համակարգողը ՀՀԿ-ից երաշխիքներ չէր պահանջի, թե` պետք է խոսքի տերը լինել և մեկ տարի հետո կողմ քվեարկել նախաձեռնությանը: Այսինքն` ենթագիտակցորեն արտահայտվում է այն, որ ՀԱԿ-ն ինքն էլ չի հավատում, որ ԲՀԿ-ի հետ կարողանալու է իշխանություն փոխել:
Բայց ի՞նչ է լինելու մեկ տարի կամ թեկուզ կես տարի հետո, նախագահական ընտրություններից հետո: ՀԱԿ-ն ի վիճակի լինելո՞ւ է ՀՀԿ-ին հիշեցնել «երաշխիքները»: Ի՞նչ վիճակում է լինելու ՀԱԿ-ն ինքը` ներքին իմաստով, այսինքն` արդյոք Կոնգրեսում տեղի կունենա՞ն փոփոխություններ, թե՞ ամեն ինչ կմնա նույնը, և Կոնգրեսը կշարունակի հասարակության հետ համագործակցելու փոխարեն` իշխանական այս կամ այն բևեռի հետ պայմանավորվածությունների միջոցով քաղաքական գոյություն քարշ տալու և, ըստ էության, իշխող համակարգի ինքնապահպանմանը նպաստելու կուրսը:
Մյուս կողմից` շատ կարևոր է նաև, թե ինչ իրավիճակ է լինելու իշխանական համակարգում: Այստեղ, իհարկե, ներիշխանական հակասությունների խորացման միտումը կարծես թե շարունակվելու է, ընդ որում` մեծ է հավանականությունը, որ այդ հակասություններն առավել արտահայտիչ կդառնան հենց ՀՀԿ-ի ներսում` հաշվի առնելով, որ առաջիկա հնգամյակում սկսվելու է պայքար Սերժ Սարգսյանի իշխանությունը «ժառանգելու» համար:
Ահա այս պայքարի իմաստով ամենևին չի բացառվում, որ իշխանական որևէ թևի համար Մարտի 1-ի խնդիրը կդառնա գործիք մյուսի դեմ, ինչքան էլ որ այդ ամենի մեջ ընդհանուր առմամբ թաթախված է համակարգը: Բայց պարզ է նաև, որ այստեղ խոսքն ընդամենը մեկը մյուսի դեմ հավանական շանտաժի, սակայն ամենևին ոչ բացահայտման մասին է, որովհետև բացահայտումը կամ դրան տանող գործընթացը անմիջական հարված է նաև Սերժ Սարգսյանին:
Այսինքն` այստեղ ՀՀԿ-ի հետ գործարքի գնալը բացարձակապես արդարացված չէ այն ուժի համար, որն իրապես շահագրգռված է Մարտի 1-ի բացահայտմամբ, ինչպես որ բացարձակապես արդարացված չէ ԲՀԿ-ի հետ գործարքը այն ուժի համար, որն իսկապես ուզում է Հայաստանում համակարգային և արժեքային փոփոխություններ իրականացնել:
Այսինքն` սրանով ընդամենը ՀԱԿ-ն իր համար գեղեցիկ նահանջ է ապահովում Մարտի 1-ի հարցից՝ գոնե առաջիկա տարվա համար:









































