Ածխաթթվային գազի արտանետումները 2012-ին կհասնեն ռեկորդային նիշի` 35,6 մլրդ տոննա` 2010-ի ռեկորդը գերազանցելով 2,2 մլրդ տոննայով, Հնդկաստանում և Չինաստանում արտանետումների ավելացման հետևանքով,- ասված է Nature Climate Change ամսագրում հրապարակված հոդվածում:
Քորին Լե-Քերի ղեկավարած երկրաբանների խմբի հաշվարկներով` ո՛չ տնտեսական ճգնաժամը, ո՛չ արտանետումների կրճատման պարտավորությունները չեն խանգարել նոր «ռեկորդի» կայանալուն:
Մարդկությունը գերազանցել է ածխաթթվային գազի նախկին ռեկորդը` 33,4 մլրդ տոննա, 6,1 %-ով կամ 2,2 մլրդ տոննայով: Երկրի մթնոլորտ CO2-ի հիմնական արտանետողները մնացել են նախկին «առաջատարները»` Չինաստանը (արտանետումների ամբողջ ծավալի 28%), ԱՄՆ-ը (16%), ԵՄ (11%) և Հնդկաստանը (7%): Չինաստանը СО2-ի արտանետումների ծավալն ավելացրել է 9,9 %-ով, Հնդկաստանը` 7,5 %-ով:
Լե-Քերն ու նրա գործընկերները նշում են, որ ԱՄՆ-ի մեկ քաղաքացու հաշվով СО2-ի արտանետումը 17,2 տոննա է այն դեպքում, երբ Չինաստանի և ԵՄ-ի դեպքում այդ թիվը 6,6 և 7,3 տոննա է:
Ավելի քան 17 000 պատվիրակ, փորձագետ և լրագրող հավաքվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում` մասնակցելու կլիմային փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնֆերանսին: Նոյեմբերի 26-ին սկսված երկշաբաթյա բանակցությունների հիմնական թեմաներն են Կիոտոյի արձանագրության երկրորդ շրջանի պարտավորություններն ու Կանաչ կլիմայական ֆոնդին դրամ տրամադրելու մեխանիզմները:
Շրջակա միջավայրի հարցով (UNEP) ՄԱԿ-ի փորձագետների հաշվարկներով` ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, ներկայիս մակարդակի համեմատությամբ, մինչև 2020-ը պետք է կրճատվի 14%-ով:









































