Բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, հայտարարելով Լոնդոնում հայտնի շեֆ-խոհարար և հեռուստաաստղ Գորդոն Ռամզիի հետ նոր ռեստորան բացելու մտադրության մասին, ուղղակիորեն հասկացրել է, որ ԱՄՆ-ից վերադառնում է հայրենիք, հաղորդում է Sun թերթը:
Անգլիայի հավաքականի նախկին ավագը, որը 2007-ից հանդես էր գալիս «Լոս Անջելես Գելեքսի» թիմում, հայտարարել է, որ թիմի համար վերջին խաղը կխաղա դեկտեմբերի 1-ին: Թե դրանից հետո նա ուր կմեկնի՝ դեռ հայտնի չէ: Սակայն ամերիկյան ռադիոկայաններից մեկի եթերում նա հայտնել է, որ մտադիր է իր ընկերոջ և հայտնի խոհարար Ռամզիի հետ բիզնես սկսել:
«Որոշ պլաններ ունենք: Մենք շատ լավ ընկերներ ենք և անհամբերությամբ սպասում ենք նոր նախագծի ստեղծմանը: Ես կարծում եմ` դա շատ շուտ տեղի կունենա: Ռեստորանի բացումը բիզնես է, բայց նաև շատ հետաքրքիր»,- ասել է ֆուտբոլիստը:
Բեքհեմների Մեծ Բրիտանիա վերադառնալու լուրերը հաստատվում են նաև նրանով, որ Բեքհեմի կինը՝ Վիկտորիան, զբաղված է տան և ռեստորանի համար հարմար վայրի փնտրտուքով:










































