Ճապոնիան ԱՄՆ-ին 5 մլն դոլար կվճարի՝ ԱՄՆ-ի ափեր հասած թափոնների ոչնչացման համար, որոնք ցունամին Խաղաղ օվկիանոսն է լցրել 2011 թվականի մարտին և հասցրել ԱՄՆ-ի արևմտյան ափ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին:
Ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներով՝ ցունամին Խաղաղ օվկիանոս է լցրել շուրջ 1.5 մլն միավոր աղբ և բեկոր, որի մի մասը (1-5 տոկոս) դուրս կգա ԱՄՆ-ի և Կանադայի ափ: Այս տարվա կեսերից սկսեցին տեղեկություններ ստացվել այն մասին, որ Ճապոնիային պատուհասած աղետի հետևանքով ջուրը լցված որոշ իրեր հասել են ԱՄՆ-ի և Կանադայի ափ: Դրանց թվում էր հուշագրերով ֆուտբոլային գնդակը, որը վերադարձվել է ճապոնացի դպրոցականին: Սակայն մեծ չափսերով օբյեկտներն ու բեկորները կարող են լուրջ խնդիր առաջացնել: Այսպես, ԱՄՆ-ի ափերի մոտ էր հասել ձկնորսական նավ, որը խորտակվել է առափնյա պահպանության կողմից: Օրեգոն նահանգի ափերի մոտ էլ 20 մետր երկարությամբ և 165 տոննա կշռող բեկոր էր հայտնվել:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ին 9.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Ճապոնիայի հյուսիս-արևելքը: Դրա հետևանքով առաջացած ցունամին 380 հազար տուն ավերեց, զոհվեց ավելի քան 19 հազար մարդ:









































