Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տված մեկնաբանությունները ARMENIA Today-ի թղթակցին.
–Ինչո՞վ է պայմանավորված Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքների մեկնարկի հետաձգումը, և կա՞ն արդյոք կոնկրետ ժամկետներ օդանավակայանի գործարկման համար։
–Օդանավակայանը միանշանակորեն գործելու է: Ձգձգումը պայմանավորված է տեխնիկական հարցերի լուծմամբ: Երբ բոլոր աշխատանքներն ավարտված լինեն, և օդանավակայանը պատրաստ կլինի առանց դադարի աշխատելու, այդ ժամանակ էլ կիրականացվեն թռիչքները:
–Կարծիք կա, որ համաշխարհային կենտրոնները թույլ չեն տա թռիչքներ իրականացնել, և որ օդանավակայանը դիտարկում են լոկ իրենց շահերի շրջանակում, մասնավորապես, հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի տեղափոխման համատեքստում։
–Օդանավակայանի վերագործարկման որոշումը կայացվել է Արցախի իշխանությունների կողմից, որն ունի բացառապես մարդասիրական բնույթ, այսինքն դա արվել է ԼՂՀ բնակչության ազատ տեղաշարժի ապահովման նպատակով:
–Իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք առկա պայմաններում խաղաղապահների մուտքը։
–Այսօր փաստ է, որ Արցախի իշխանությունները ցանկանում են վերագործարկել օդանավակայանը` ղեկավարվելով իրենց բնակչության շահերով: Պետք է առաջնորդվել փաստերով, և ոչ թե մեկնաբանություններով կամ ենթադրություններով:
–Այսօր շատ է խոսվում ռազմական գործողությունները վերսկսելու հավանականության մասին: Ի թիվս այլ հիմնավորումների, նշվում է նաև Ադրբեջանի էներգետիկ համակարգը պաշտպանելու ՆԱՏՕ-ին ուղղված խնդրանքը։
–Ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մեծացումը պայմանավորված է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով և սադրանքներով: Ղարաբաղն ու Հայաստանը հանդես են գալիս որպես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ։ Ես համոզված եմ, այդպիսին է նաև միջազգային հանրության տեսակետը:









































