Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի և Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց խոր արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերություններն ու երկու երկրների դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա խարսխված ռազմավարական գործընկերությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների համագործակցությունը քաղաքական, առևտրական-տնտեսական, միջխորհրդարանական, ռազմական-տեխնիկական, միջռեգիոնալ ու մշակութային-հումանիտար ոլորտներում որակապես նոր մակարդակի է հասել: Այս ամենի հետ մեծ նշանակություն է ստացել փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները մոտ են կամ հիմնականում համընկնում են: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման, հատկապես միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում նշանակալից է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որի աշխատանքները դառնում են ավելի ու ավելի արդյունավետ:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երիտասարդական քաղաքականության և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության կարևոր հարցի քննարկումը կլինի շատ արդյունավետ և առաջիկա երկու տարվա համար կստեղծվի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության միասնական ծրագիր: Նա հանձնաժողովականներին արդյունավետ աշխատանք է մաղթել երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը նույնպես բարձր է գնահատել հանձնաժողովի կատարած աշխատանքները և հույս հայտնեց, որ հետայսու ևս երկու երկրների խորհրդարանականները ջանք չեն խնայի իրենց երկրների ու ժողովուրդների շահերից բխող նախաձեռնություններով հանդես գալ և գտնել դրանց արդյունավետ լուծումները: Երկուստեք կա բարի կամք ու ցանկություն, մնում է համագործակցված ու հետևողական աշխատանքով իրականացնել դրանք:
Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ձևավորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմ և ներկայացրեց նրանց:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կարևորել է հանձնաժողովի առաքելությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Նա կարևորեց ռեգիոնալ համագործակցության զարգացումը, եվրասիական ինտեգրացիան, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակտիվ քաղաքականությունը, ինչը ենթադրում է հասարակական կյանքում, քաղաքականության մեջ, գիտության և մշակույթի ասպարեզներում տարբեր ձևաչափերով երկկողմ շփումների ակտիվացում: Նիկոլայ Ռիժկովի գնահատմամբ՝ երիտասարդական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը երկու ժողովուրդների հարատև բարեկամության գրավականը կլինի:
Նիստի օրակարգային առաջին՝ «Երիտասարդական քաղաքականության ասպարեզում ռուս-հայկական համագործակցության մասին» հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը: Նա անդրադարձավ երիտասարդական քաղաքականության եվրոպական փորձին, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, երիտասարդների աջակցության ծրագրերին, օրենսդիր և ընդհանրապես կառավարման համակարգերում, քաղաքականության մեջ երիտասարդներին՝ որպես ինտելեկտուալ ու կազմակերպչական մեծ հնարավորություններ ունեցող քաղաքացիների, ներգրավելու անհրաժեշտությանը, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես երիտասարդների սոցիալական, կրթական, մշակութային հիմնախնդիրների լուծման ու նրանց ինքնադրսևորումն ապահովող միջոցառումների վրա:
ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը երիտասարդության հիմնախնդիրների լուծման նպատակով համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում կարևորել է երկու երկրների միջև առկա փոխվստահությունը: Ներկայացնելով այս ոլորտում գրանցված հաջողություններն ու անելիքները՝ բանախոսն առաջարկեց մեծացնել երիտասարդական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական ու նյութական աջակցությունը և 2013-2015 թթ. միջպետական միջոցառումների ցանկում ներառել Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյակի տոնակատարությունը:
Հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, այդ կազմակերպությունում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նա ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ասպարեզում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կատարած օրենսդրական քայլերը, անդամ երկրների երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած համատեղ միջոցառումները, տեղեկացրեց Միջխորհրդարանական երիտասարդական խորհրդարանի ստեղծման մասին:
Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը և Ռուսհամագործակցության ներկայացուցչության ուսումնական, երիտասարդական ծրագրերի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Չուպաշկինը իրենց ելույթներում անդրադարձել են տարբեր ոլորտներում երիտասարդության ներուժն օգտագործելու անհրաժեշտությանն ու այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը: Նրանք առաջարկել են առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ դեպի տիեզերք թռիչքի 50-ամյա հոբելյանը նույնպես ներառել միջպետական միջոցառումների ցանկում:
Քննարկվել են նաև օրակարգում ընդգրկված «Միջխորհրդարանական հանձնաժողովի նախկին որոշումների կատարման մասին», «Միջխորհրդարանական հանձնաժողովի 2013-2015 թթ. աշխատանքային պլանի մասին» հարցերը:
Որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստը գումարել մայիս ամսին Մոսկվայում, իսկ նիստերից մեկն անցկացնել Նովգորոդում:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը ավարտեց աշխատանքը:









































