Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, շնորհավորելով 92-րդ տարեդարձի կապակցությամբ, նշեց, որ դա մի համակարգ էր, որը հայ ժողովրդին փրկեց իսպառ բնաջնջումից:
Նա հիշեցրեց, որ Սովետական Հայաստանը 20-ականներին ներկայացնում էր ամայի մի տարածք, որտեղ կուտակվել էին գաղթականներ, որբեր`եկած տարբեր տեղերից, Երևանի փողոցներում ամեն օր 65 դիակ էր հայտնաբերվում, սովն ու համաճարակը խեղդում էին ժողովրդին:
Բնակչության 83 տոկոսը, նրա խոսքով, անգրագետ էր, չկար գրագիտություն, չկար լուսավորություն. «Կառուցվեց մի ամբողջ երկիր բառիս բուն իմաստով»,- ասաց նա:
Նրա խոսքով`Երևանը դժոխային մի քաղաք էր՝ կեղտի մեջ, մթնում կորած անհյուրընկալ, սև պատերով: Սովետական տարիներին 13 բուհերում 60.000 ուսանող էր սովորում, բոլորն ապահովված էին աշխատանքով, գործազրկություն բառը իսպառ վերացվեց, խուլն էլ, համրն էլ ստանում էր աշխատանք: Նա նշեց, որ զարգացան արդյունաբերությունը, գիտությունը, հայ ժողովրդի զավակները տիեզերք հասան, կառուցվեց հիանալի մետրոպոլիտենը. «Այսօր ինչ տեսնում եք, միանգամից հողին հավասարվեց 90-ականներին իշխանության եկած մարդկանց միջոցով, ամբողջ արդյունաբերությունը թալանվեց, մի քանիսը դարձան գերհարուստներ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ այսօր 1 միլիոն 300 հազար աղքատ կա, այսօր ժողովուրդը փախչում է հայրենիքից, դատարկվում է երկիրը:
Նա հիշեց նաև Ալեքսանդր Մյասնիկյանի կազմակերպած ներգաղթը. Հայաստան վերադարձան Սարյանը, Սպենդիարյանը, Թամանյանը, որոնք, թողած իրենց բարեկեցիկ կյանքը, եկան հայրենիք կառուցելու և կառուցեցին: Նա ցավով նկատեց, որ այսօր ամեն ինչ հողին է հավասարվել, և այսօր չկա մի բնագավառ, որ կարելի լինի համեմատել Սովետական Հայաստանի համապատասխան բնագավառի հետ:
Եվ հիմա, ըստ նրա, փոխանակ պետությունը զարգացնեն, բարձրացրել են հակակոմունիստական հիստերիա:
«Մենք 35 հազարանոց Երևանը հասցրինք միլիոնուկեսի: Այս ծաղկուն շրջանը իրոք որ հայ ժողովրդի ոսկե դարն էր»,-հայտարարեց Ռուբեն Թովմասյանը` հավելով`այս իշխանությունները, վաղը հեռանալով, ի՞նչ են թողնելու մեր պատմության մեջ: Ըստ նրա` միայն արտագաղթը հերիք է՝ բնութագրելու համար այսօրվա իշխանությունների հակաազգային քաղաքականությունը:
Նա նաև նշեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները չեն փոխի իրավիճակը, և միայն սոցիալիստական համակարգը կվերականգնի երկիրը. «Ով է տեսել, որ երկրի հանքային հարստությունը տան օտարի ձեռքը, մանավանդ՝ քիչ ռեսուրսներ ունեցող Հայաստանինը: Այսօր աշխարհի բնակչության 40 տոկոսը ապրում է սոցիալիզմի պայմաններում, ինչպես օրինակ Չինաստանը, որը հիանալի տնտեսություն ունի»,- ասաց նա` ավելացնելով, որ ժողովուրդը պետք է իր ունեցվածքին տեր կանգնի:
Ռուբեն Թովմասյանի կարծիքով` հայ ժողովրդի ունեցվածքը ոչ մեկին չպետք է տալ, և ոչ էլ Ռուսաստանին: Իսկ թե ՀԿԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին՝ կորոշի կենտրոնական կոմիտեի պլենումը: Ռ. Թովմասյանը նաև նշեց, որ իրենք սթափ և հավասարակշիռ են մտածում. մասնակցելու համար մեծ ռեսուրսներ են պտտվում, և իրենք այդ պայքարին մասնակցել չեն կարող: Բացի այդ, ՀԿԿ-ն որևէ կուսակցության չի սատարի, քանի որ նույն բուրժուազիան է, որը գալու է նույն կերպ ծառայելու:
Ըստ նրա` նախագահական ընտրությունները լինելու են ազգակցական խորհրդարանական ընտրությունների շարունակությունը:









































