ԱՄՆ հաստատել է, որ չի սատարի ՄԱԿ-ում Պաղեստինի պետություն-դիտորդի կարգավիճակի հաստատմանը:
«Մենք մտադիր ենք դեմ քվեարկել: Մեր կարծիքով, դա սխալ է, մենք կտրականապես դեմ ենք այդ նախաձեռնությանը»,- չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ չի փոխվել և ԱՄՆ-ը միշտ դեմ է եղել ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը: Նուլանդն ընդգծել է, որ Պաղեստինը պետք է վերադառնա Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին և միայն բանակցային գործընթացների շրջանակներում ձգտի հասնել պետականության ճանաչմանը:
Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար և Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է նոյեմբերի 29-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման և 1949-1967 թվականների սահմանի հաստատման հարցի քվեարկումը: Ավելի վաղ Պաղեստինի դիմումին սատարելու մասին հայտարարել էին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Հունաստանը: Գերմանիան դեմ էր հանդես եկել:
Պաղեստինը ձգտում է 1967 թվականի սահմաններով անկախ պետություն ստեղծել և հույս ունի, որ բանակցությունների ընթացքում Իսրայելն իր զորքերը դուրս կբերի 1967 թվականի պատերազմից հետո օկուպացված տարածքներից`Հորդանանի արևմտյան ափից, Գազայի հատվածից, Երուսաղեմից:









































