ԱՄՆ քաղաքացիների ազատության համար պայքարող միությունը հայց է ներկայացնելու Պենտագոնի դեմ այն բանից հետո, երբ գերատեսչությունը պաշտոնապես արգելել է կանանց զինվորական ծառայություն անցնել ռազմական ստորաբաժանումներում,- հաղորդում է RIA Novosti-ն:
Ներկայումս ԱՄՆ զինված ուժերում գործում են սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս կանանց ծառայել հետևակային, հրետանային զորքերում, հատուկ ստորաբաժանումներում: Դրա հետ մեկտեղ Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ (դրանց առանձնահատկությունը ռազմական գործողությունների հստակ գծի բացակայությունն էր) կանայք մասամբ մասնակցություն ցուցաբերել են մարտական գործողություններին:
Միության փաստաբան Էլիզաբեթ Գիլը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը վնասում է կանանց: «Զգալի թվով կանայք տղամարդկանց հետ միասին մարտնչում են Իրաքում և Աֆղանստանում՝ փաստացիորեն մասնակցելով ռազմական գործողություններին… Միևնույն ժամանակ, նրանց աշխատանքը բավարար ձևով չի գնահատվում»,- ընդգծել է Գիլը:
Նրա խոսքերով՝ Միությունը հայց է ներկայացնում Սան Ֆրանցիսկոյի դաշնային շրջանային դատարան՝ պնդելով, որ զինծառայող-կանանց հանդեպ Պենտագոնի ներկայիս քաղաքականությունը չի համապատասխանում սահմանադրության պահանջներին:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:









































