2011 թ. մարտի 21-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է իր 13-րդ տարեդարձը:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 30 ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղասիրությանը, քաղաքացիական նախաձեռնություններին եւ շահերի պաշտպանությանը:
Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տարեկան ավելի քանի 400 քաղաքացիների:
Իր գործունեության ընթացքում իրավակիրառ պրակտիկայի բարելավման նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է ավելի քան 45 նախադեպային դատական գործեր, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ պետական կառավարման մարմինների գործողությունների դեմ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կայացած կազմակերպություն է համարվում մոնիթորինգների իրականացման բնագավառում: Մասնավորապես՝ 1998 թ. կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 20 մոնիթորինգներ տարբեր բնագավառներում եւ ինստիտուտներում /նյարդահոգեբուժական բուժհաստատություններ, քրեակատարողական հիմնարկ, մանկատուն, ծերանոց, ոստիկանության բաժիններ, զորակոչի գործընթաց, զինված ուժերում մահացության դեպքեր, ռազմական բյուջե, ընտրական իրավունք եւ այլն/:
Տարածաշրջանում մարդու իրավունքների կայացման եւ տարածման գործում մեծ է գրասենյակի դերը: Մարդու իրավունքների վիճակի եւ տարածաշրջանում խաղաղասիրության վերաբերյալ կազմակերպություն կողմից մշակված եւ տարածած տեղեկատվությանն են հղում արել միջազգային կազմակերպությունները՝ Human Rights Watch, Aminasti International, OSCE, Intrnational Crisis Group եւ այլն:
Չնայած արձանագրված հաջողություններին, կազմակերպության գործունեությանը սպառնալիք է հանդիսացել 2010 թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ տարբեր զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածած տեղեկատվությունը: Դրա համաձայն՝ իշխանությունը չպետք է հանդուրժի կազմակերպության գործունեությունը, որը որակվել էր որպես պետության եւ պետականության հիմքերը խարխլող:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսուհետ եւս շարունակելու է իր ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման եւ կայացման բնագավառում՝ ընդլայնելով գործունեության շրջանակները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ