Կենսաթոշակային բարեփոխումներ նախաձեռնելուց առաջ կառավարությունը պետք է նախ մտածի, թե որտեղ է ներդնելու հավաքվող գումարը: ՀՀ ներկայիս կառավարությունը մտածել է՝ այն ներդնելու է եվրոպական արժեթղթերի մեջ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, կենսաթոշակային բարեփոխումների հիմնական հարցը լուծված չէ, և ժողովրդի փողերը հիմնականում դուրս են գնալու: Ըստ նրա՝ եթե իշխանությունը հայտարարում է, թե դրսից փող է բերում, ապա բալանսով գնահատելիս` ստացվում է, որ ավելի շատ տանում են: Հ. Բագրատյանը որպես օրինակ բերեց ԿԲ-ի 2 մլրդ դոլարի պահուստները, որոնք ոչ ոք չգիտի` որտեղ են:
Պատգամավորի գնահատականով՝ տարեկան 100 մլն դոլար էլ այս բարեփոխումների հետևանքով է դուրս գնալու: Ընդ որում, ստացված վարկային միջոցները, որ իբր անտոկոս են, պարտադրում են վարձել իրենց խորհրդականներին, և ստացվում է, որ նրանց տված «տուպոյ խորհրդատվության» համար մենք վճարում ենք աշխատավարձ, ինչը հենց վարկի տոկոսն է:
«Աշխարհում ոչ ոք հենց այնպես փող չի տալիս»,- նկատեց Հ. Բագրատյանը:
Կենսաթոշակային ֆոնդ բացելու համար պահանջվող 500 մլն դրամը, ըստ պատգամավորի, տարբերակ է, որ սահմանափակեն հիմնադրամ բացողների թիվը. Տիգրան Սարգսյանն ասում էր՝ «ուզում եք, որ ինձ լավ նայեք, ահա ձեզ մի կենսաթոշակային ֆոնդ», իսկ մինչ այդ Քոչարյանն էր ասում՝ «ուզում եմ վերանշանակվել՝ ահա քեզ բանկ»:
«Անբարոյական քծնանքը, պետության հաշվին լավություն անելը դարձել են կարիերայի երաշխավորման աղբյուր: Այս ամբողջ նեխվածությունը պետք է դուրս շպրտվի: Դուք էլ եք մեղք, մենք էլ»,- ասաց Հ.Բագրատյանը:
Նա նաև մատնանշեց մեկ այլ խնդիր՝ կենսաթոշակային հիմնադրամների գումարները կարող են ներդրվել որպես ավանդ, այսինքն` երկարաժամկետ փողը վերածվելու է կարճաժամկետ փողի: Ընդ որում, մեր իշխանավորների վրա ազդել է Պուտինի խոսքը, որը վերջերս այս նույնն ասել է Մեդվեդևին, թե` չի կարելի երկարաժամկետ փողը վերածել կարճաժամկետ փողի, և նրանք այժմ մի քիչ լռել են:
Բագրատյանը հավելեց, որ ի վերջո կառավարության կյանքը կարճ է, և իրենց կհաջողվի կանգնեցնել կենսաթոշակային բարեփոխումների ներկայիս ընթացքը ու թույլ չտալ, որ մեր փողերը հոսեն դուրս:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը` կառավարությունը կարծես չի էլ կարողանում «գլուխ բերել» իր նախաձեռնած բարեփոխումները, որոնց կամավոր բաղադրիչի սկիզբ հայտարարվել էր 2011 թվականը, իսկ այժմ ավարտվում է 2012-ը, բայց նույնիսկ ոչ մի հիմնադրամ ստեղծված չէ, Հ. Բագրատյանը պատասխանեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այս բարեփոխումներով ուզում է երջանկացնել Արևմուտքին, և ֆինանսական շարժերի արդյունքում էլ կստանան 2% ՀՆԱ-ի աճ:








































