Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը կներկայացվի կառավարությանը: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտնեց Կանանց իրավունքների կենտրոնի կոորդինատոր Սաթենիկ Գևորգյանը։
«Նոյեմբերի13-ին տեղի ունեցան նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որը կազմակերպել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հուսով ենք շուտովօրենքի նախագիծը հավանության կարժանանա նաև կառավարության կողմից: Մեր կազմակերպությունն արդեն 15 տարի է՝ զբաղվում է կանանց բռնության խնդրի կանխարգելմամբ, և այս իրավական ակտը ևս մեկ միջոց է պայքարելու կանանց իրավունքների պաշտպանության համար:
Ինչպես արդեն գիտենք ՄԱԿ-ն ընդդեմ գենդերային բռնության 16–օրյա քարոզարշավ է կազմակերպել: Այն սկսվեց նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնության միջազգային օրն է, 29–ը՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, դեկտեմբերի 2-ը՝ Ստրկության վերացման միջազգային օրը և դեկտեմբերի 6-ը՝ Սպիտակ ժապավենի քարոզարշավը: Մենք կարևորում ենք հատկապես դեկտեմբերի 6-ը, որովհետև այդ քարոզարշավին մասնակցություն կունենան նաև տղամարդիկ, որոնք նույնպես կքաջալերեն կանանց նկատմամբ բռնությունների վերացումը:
Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կանայք են միշտ պայքարում կանանց համար, բայց այս օրը՝հանդես կգան նաև տղամարդիկ, և սա շատ կարևոր է: Քարոզարշավի վերջին օրը դեկտեմբերի 10-ն է՝ Մարդու իրավունքների միջազգային օրը»,– ասաց Ս. Գևորգյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը, նշեց, որ շատ երկրներ նման օրինագծեր առաջ են քաշել, և կառավարությունն էլ հաստատել է: «Ադրբեջանն, օրինակ, մեզնից ուշ սկսեց նման օրինագիծ առաջ տանել, և նրանց մոտ կառավարությունն արդեն հաստատել է: Իսկ ահա մեզ մոտ,երևի թե դեկտեմբերի 10-ին նոր կներկայացնենք խորհրդարան: Հասկանում ենք նաև, որ Հայաստանում առաջիկայում նախագահական ընտրություններ են, և ԱԺ-ում հիմաայս կապակցությամբ բազմաթիվ հարցեր են քննարկվում: Մենք հույս ունենք , որ նախագահական ընտրություններից հետո մեր նախագիծը հավանության կարժանանա: Նշեմ նաև, որ նախագծի մեջ առաջ են քաշված մի շարք դրույթներ, որոնցից ելնելով՝ հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել այն բոլոր տղամարդկանց, ովքեր իրենց կանանց նկատմամբ բռնություն կգործեն: Կախված նրանից, թե բռնության ինչ տեսակ է, և բռնության ենթարկելու ժամանակը որքան երկար է տևել, տղամարդը համապատասխան ձևով կենթարկվի պատասխանատվության: Դա կարող է լինել և՛ ազատազրկում, և՛ տուգանք, և նաև հնարավոր է, որ արգելեն իրենց կնոջը կամ երեխաներին առհասարակ մոտենալ: Նշեմ նաև, որ բռնության ենթարկելու դեպքում կինը նույնպես կարող է ենթարկվել պատասխանատվության», -ասաց Ս. Վարդանյանը:









































