Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցող Պեդրո Ագրամունտը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը:
Համազեկուցողը նոյեմբերի 26-28-ը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի, ներքին գործերի և արդարադատության նախարարների, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի նպատակը Եվրոպայի Խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը գնահատական տալն է: Այցի ավարտին՝ նոյեմբերի 28-ին, համազեկուցողը տալու է մամուլի ասուլիս: Նշվում է, որ 2013 թվականի հունվարի 21-25-ը կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվելու է Ադրբեջանին առնչվող զեկույցը:









































