«Նախագահն այդ ժամանակ բացակայում էր հանրապետությունից: Նախագահի ժամանումից մեկ օր առաջ է եղել դեպքը, գիշերվա ժամին: Մյուս օրը ցերեկը նոր նախագահը եկել է»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՊՊԾ մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցի առթիվ ասաց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը` հավելելով. «Նախագահի շարասյան հետ կապ չունի բացարձակ: Ծառայողական մեքենայի վրա է եղել կրակոցը: Իրենք մեկ օր առաջ գնում են օդանավակայան: Դա ծառայողական մեքենա է»:
Ըստ ոստիկանության` Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցին հարող հատվածում նոյեմբերի 21-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս Էջմիածնի բնակիչ Աշոտ Կ.-ն մոտ 5 մետր հեռավորությունից կրակոց է արձակել իր երթևեկելի գոտիով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը, դիպչելով ավտոմեքենայի առաջամասին, անդրադարձ է կատարել: «Օպել Վեկտրան» հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝ Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 2 հասցեին հարող տարածքում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:
Էջմիածնի բնակիչը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Նրա դեմ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ: Ներսիկ Նազարյանի խոսքերով, եթե քննությունը պարզի, որ նման նպատակ չի ունեցել, հնարավոր է հոդվածը փոխվի: «Քննությունը ցույց կտա, թե ինչ պատիժ է սպառնում: Սպանության փորձի հոդված է դրվել, եթե պարզի նման մտադրություն է ունեցել»,- ասաց Ներսիկ Նազարյանը:
«Ինքը տառապում է երևանյան հիվանդությունով, Էջմիածնի բնակիչ է, հարբած վիճակում գնացել է գիշերվա ժամին ծնողների գերեզմանին, էնտեղից դուրս է եկել, այնքան անկառավարելի վիճակում է հայտնվել, որ մեքենան խփել, ջարդել է, մեր տղաները տեսել են, որ մեքենան այնպես է խփված, որ ծուխ է դուրս գալիս, փորձել են մոտենալ, տեսնել ինչ է եղել, այդ ժամանակ ինքը կրակել է առանց գիտակցելու: Ինքն իր ոտքին էլ է կրակել»,- ասաց Երևանի ոստիկանապետը: Նրա խոսքերով, ձերբակալվածն արդեն ցուցմունք է տվել, որ «բացարձակ չի էլ հիշում` ինչ է կատարվել, որովհետև երևանյան հիվանդությունով մարդն իրավունք չունի խմելու»:
Ըստ Նազարյանի` ձերբակալվածը նաև ֆինանսական խնդիրներ է ունեցել, ժամանակին գործ է ունեցել, ոսկերչությամբ է զբաղվել ու հիմա գործ չունի, չի աշխատում: Մեր դիտարկմանը` հնարավո՞ր է սոցիալական անարդարությունն ու անհավասարությունն են նրան դրդել, որ կրակի ՊՊԾ մեքենայի վրա, Նազարյանը հայտարարեց. «Չէ՛, բացառված է նման բան: Ինքը ոչ էլ իմացել է, որ դա ծառայողական մեքենա է: Ի վիճակի էլ չի եղել գիտակցելու»:









































